Երևանի տարբեր վարչական շրջաններում հնարավոր է հանդիպել շինությունների, որնք այս կամ այն նորմերի խախտումներով են կառուցվել: Դրանցից առավել վտանգավորները գազալցակայաններն ու բենզալցակայաններն են: Բենզալցակայանների մասով տարիներ առաջ որոշում կայացվեց՝ դրանք մայրաքաղաքի կենտրոնից, ապա՝ բնակելի գոտիներից հեռացնելու մասին: Գազալցակայանները, քանի որ ավել նոր են (ըստ տարիների վաղեմության) փոքր կենտրոնում իսկզբանե չտեղադրվեցին՝ կառուցվելով գրեթե բոլոր վարչական շրջաններում: Դրանցից մեկն էլ Էրեբունի վարչական շրջանում տեղակայվեց՝ վարչական շրջանի աշխատակազմի շենքի հարևանությամբ:
Գազալցակայանները բնակելի գոտիներից հեռու տեղադրելու որոշումը բացառապես անվտանգության ապահովման նպատակներից է բխում: Ըստ սահմանված նորմերի, բնակելի տարածքներին մոտ գազալցակայաններ կառուցել չի թույլատրվում, քանի որ լցակայանում հնարավոր վթարի դեպքում կտուժեն մոտակայքում բնակվող քաղաքացիներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահանջին հետևելը բխում է բոլորի շահերից, բայց կարծես թե դա չի վերաբերում իշխանության ներկայացուցիչներին: Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի շենքի (թաղապետարան) դիմաց բոլորն են նկատել մեծ գազալցակայան, որը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված նորմերին չի համապատասխանում: 2013 թվականին լրատվամիջոցները անդրադարձել էին այս խնդրին և նշել, որ գազալցակայանը պատկանում է ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին:
ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28- N 1101-Ն որոշմամաբ ԱԳԼՃԿ-ի` գազի ստորգետնյա կուտակիչների տեղամասերից, ավտոմեքենաների լիցքավորման սյունակներից եւ ճնշակայանից մինչեւ գազալցակայանին չպատկանող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների միջեւ նորմերով պահանջվող նվազագույն միջտարածությունները պետք է պահպանված լինեն: Բնակելի, հասարակական, կոմունալ-կենցաղային եւ այլ շենքերը պետք է լինեն 50 մ, մշակութակենցաղային սպասարկման կազմակերպությունները, վարչական, մանկական եւ բուժկազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, մշակույթի տները՝ 75 մ հեռու:
Նշված գազալցակայանը և հարակից բնակելի թաղամասը միմյանցից հեռու են ընդամենը մեկ պատի հաստությամբ (Տես ստորև պատկերված քարտեզը), ինչը միանշանակ չի համապատասխանում ՀՀ կառավարության սահմանած ստանդարտներին և վտանագավոր կարող է լինել տվյալ թաղամասի բնակիչների կյանքի համար:
Սրան, եթե գումարենք այն փաստը, որ գազալցակայանի կողքին կա նաև բենզալցակայան, ապա կարելի է փաստել, որ ամեն պահի մի ամբողջ թաղամաս կարող է հոդս ցնդել: Ինչի են սպասում կառավարությունում, ՏԿԱԻՆ-ում, որ Աստված մի արասցե գազալցակայանում որևէ խնդիր առաջանա՞ և մարդկանց կյանքեր կորցնե՞նք, նոր փորձեն մեղավորներ փնտրել:
Ինչ է մտածում այս խնդրի մասին Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունն իր ղեկավարով հանդերձ, արդյ՞ոք իր պատասխանատվությունը չի տեսնում այստեղ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանա հանրությունը և ստիպի իշխանավորներին և օլիգարխներին զիջել իրենց բիզնես շահերը հանուն հանրության անվտանգության:
Հ.Գ. Միանշանակ պետք է փաստել, որ նորմերին չհամապատասխանող գազալցակայանը «ռումբ» է, որը կարող է պայթել ամեն պահի: Սա ապացուցվեց հատկապես վերջին օրերին մի շարք գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունները, որոնք մի քանի մարդու կյանք խլեցին: Իսկ նշված գազալցակայանը «ռումբ» է, որը տեղակայված է Էրեբունի թաղամասի բնակելի հատվածի սրտում և ամեն պահի կարող է պայթել:
Կապը հեղինակի հետ՝ politik.newsarm@gmail.com