Գործադիրն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգը: Զեկուցող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նկատեց, որ մինչ այժմ Քրեական օրենսգրքում արդեն մոտ 100 փոփոխություն ու լրացում է կատարվել, և շատ դեպքերում հաճախ դրանք ոչ թե շտկել, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։
«Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին։ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասն աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը։ Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխություններն արդյունավետ չեն»,- ասաց Մանուկյանը:
Օրակարգային հաջորդ հարցով կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի փոփոխությունը:
«Այստեղ ավելացվում է որոշակի մասով տնտեսական մրցունակության ավելացման կոմպոնենտը: Այսինքն դեռևս սեպտեմբեր ամսին նախատեսված էր, որ պետք է ավելանա 9 մլն-ով, ավելանում է 6 մլն-ով»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նշենք՝ համաձայնագրի շրջանակում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 51 մլն ԱՄՆ դոլար: Դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, իրականացնի փոփոխություններ բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում:
Նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին ի պատասխան քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարական նոր շենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին, չնայած ժամանակացույցով նախատեսված էր 2016 թվականին: Հիշեցնենք՝ այս շենքում կտեղակայվեն Արտգործնախարարության, Էներգետիկայի, Արդարադատության, Տարածքային կառավարման և Սփյուռքի նախարարությունները, ինչպես նաև Դիվանագիտական ակադեմիան:
Նաիրա Նալբանդյան