ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի սկզբում դիմելով հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին, հարցրեց, թե ինչո՞ւ հանձնաժողովը չի հետեւում, որ նիստերին ներկա լինի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Փաշինյանի խոսքով, ինչպես հանձնաժողովի նիստերին, այնպես էլ բյուջեի կատարողականի ժամանակ ԱԳ նախարարը չներկայացավ ԱԺ: «Իհարկե, մի շարք պատճառաբանություններ ներկայացվեցին, թե նախարարը զբաղված է, կամ Հայաստանում չէ: Կներեք, այնպիսի տպավորություն է, որ նիստերին ներկայացողները պարապ մարդիկ են: Սա օրենսդիր մարմին է եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները պարտավոր են պատշաճ ներկայություն ապահովել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արտակ Զաքարյանն արձագանքեց, թե առաջարկն ի գիտություն կընդունի: Ապա հանձնաժողովը քննարկեց 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ այս համաձայնագիրը ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման վերաբերյալ: Նման համաձայնագրեր ՀՀ-ն ստորագրել է 39 երկրների հետ:
Արտակ Զաքարյանը հայտնեց՝ ֆինանսների նախարարությունից նշել են, որ ՀՀ-ն կարող է ստանձնել այդ համաձայնագրով ենթադրվող ֆինանսական պարտավորությունները, կարող է ներդրումների միջավայր ապահովել: «Որպես հարակից զեկուցող առաջարկում եմ տալ դրական պատասխան»,- ասաց Զաքարյանը: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին, որ հարցը Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2015 թվականի հունիսի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվի:
Հանձնաժողովում ապա քննարկման դրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի`«Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայերի մեծ հայրենզարկումը դատապարտելու մասին» նախագիծը:
Նախագիծը դռնփակ քննարկելու առաջարկություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Իսկ Զարուհի Փոստանջյանը դիմելով հանձնաժողովի նախագահին, առաջարկեց, որ Ֆարմանյանը հիմնավորի, թե ինչու է ցանկանում, որ այն դռնփակ ձեւաչափով քննարկվի:
«Պետք է ասեմ, որ պարոն Ֆարմանյանը հնչեցրեց առաջարկ, բայց չհնչեցրեց հիմնավորումը, թե ինչու մենք պետք է փակ քննարկում իրականացնենք: Եթե այստեղ բանավեճ է տեղի ունենում, ապա այն պետք է տեղի ունենա հանրության համար պարզ եւ տեսանելի, հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում: Սա պետական գաղտնիք պարունակող նախագիծ չէ, այն վերաբերում է մեր ազգային անվտանգության ռազմավարությանը եւ հատկապես ապրիլի քսանչորսից հետո քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասը պետք է դառնա»,- ասաց Փոստանջյանը:
Սամվել Ֆարմանյանը նշեց, թե ԱՄՆ կոնգրեսում էլ են երբեմն նիստերը փակ ձեւաչափով անցկացվում, եւ դա բնավ էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ը ժողովրդավարական երկիր չէ: «Այս նախագծում կան պատմագիտական բնույթի անճշտություններ, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է մեծ վնաս հասցնել մեզ, մենք հո կրակը չենք ընկել բառի իմաստով»,- ասաց Ֆարմանյանը:
Իսկ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, թե սույն նախագծի մասին հանրությունն արդեն իսկ տեղյակ է, որովհետեւ քննարկումներ ծավալվեն են: «Ես նաեւ հասկանում եմ պարոն Ֆարմանյանի ասածը, որ մենք որպես քաղաքական գործիչներ կարող է կաշկանդված լինենք կապված Սեւրի պայմանագրի հետ եւ այլն, եկեք փակ աշխատանքային ռեժիմով քննարկենք: Ես, որպես նախկին արտգործնախարար, չեմ ուզում, որ ասեն, թե լրիվ խելքը թռցրել է, եւ տեսեք ինչեր է խոսում»,- ասաց Արզումանյանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե քննարկումները փակ ֆորմատով անցկացնելը վատ պրակտիկա է եւ ինքը դեմ է: Գեղամյանի կարծիքով էլ Զարուհի Փոստանջյանն իր նախագծով լավ նվեր է անում Էրդողանին: Կրքերը հանձնաժողովի նիստում ավելի թեժացան: Վիճեցին Զարուհի Փոստանջյանն ու Էդմոն Մարուքյանը: Վերջինս նշեց, որ արհամարհում է նախագիծը եւ չի պատրաստվում մնալ քննարկմանը, լինի այն բաց, թե փակ: Մարուքյանի տեսակետը կիսեց նաեւ Ա.Արզումանյանը, եւ նրանք լքեցին հանձնաժողովի նիստերի սենյակը:
Ի վերջո, բաց կամ փակ անցկացնելու հարցն Արտակ Զաքարյանը դրեց քվեարկության: Ձայների ճնշող մեծամասնությամբ որոշվեց փակ ռեժիմով անցկացնել: Դեմ էր միայն Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները դուրս եկան սենյակից:
Փայլակ Ֆահրադյան