Մայիսի 1-3-ը Թբիլիսիում կայացած Շոտոկան կարատեի WSKU վարկածով աշխարհի 6-րդ առաջնությանը եւ Կյոկուշինկայ կարատեի Եվրոպայի 8-րդ առաջնությանը մասնակցած գյումրեցի մարզիկները մի շարք մրցանակային տեղեր են զբաղեցրել: Էդիկ Սարգսյանը Կյոկուշինկայ կարատեի 1-ին մրցանակակիր է, Ռուդիկ Շուխյանն ու Հարություն Ալեքսանյանը Շոտոկան կարատեի WSKU վարկածով չեմպիոններն են, իսկ Սեդրակ Սարգսյանն ու Վաղարշակ Շուխյանը նույն առաջնության երկրորդ մրցանակակիրներ:
Հունիսի 3-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հանդիպեց մրցանակային տեղեր զբաղեցրած գյումրեցի մարզիկներին, շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց նրանց, ապա պարգեւատրեց «Գյումրի» գրքով ու ժամացույցներով:
-Սպորտային հաջողությունները մեր քաղաքի համար շատ կարեւոր են, որովհետեւ մեր հիմնական խնդիրն այն է, որ Գյումրին ճանաչելի դարձնենք մեր սպորտով ու մշակույթով: Ապրեք, նման հաջողությունների համար: Մեր մարզադպրոցներից չեք, բայց մեր քաղաքից եք, մեր սպորտսմեններն եք, եւ ուրախ կլինեինք, որ դուք էլ ձեր դպրոցն ունենաք ու մի օր այդ դպրոցն էլ բացենք,- նշեց Ս.Բալասանյանը ՝ խոստանալով, որ քաղաքում որեւէ համապատասխան շենք լինելու դեպքում անպայման կհատկացվի Գյումրիում կարատեի դպրոցի կառուցմանը:
Շիրակի մարզի կարատեի ֆեդերացիայի նախագահ, առաջնության երկրորդ մրցանակակիր Վաղարշակ Շուխյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են առաջնությանը, ու զարգացման միտումները, առաջընթացը նկատելի է.
-2012թ. մենք ընդհանրապես ոչ մի հաջողություն չունեցանք, չնայած մասնակցում էինք բավականին մեծ թիմով, երկրորդ անգամ՝ 2013թ., մենք արդեն ունեինք 6 մեդալակիր, բայց ոչ ոսկե, այս տարի արդեն ունենք երկու ոսկե մեդալակիր, ինչ կլինի մյուս անգամ, չգիտեմ,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս սպորտաձեւն այն եզակիներից է, որ շատ քիչ, աննշան պետական աջակցություն ունի՝ չնայած Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան Ազգային օլիմպիական կոմիտեի եւ սպորտկոմիտեի անդամ է:
Շիրակի մարզի Կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Ալեքսանյանն էլ նշում է՝ աշխարհում կարատեով զբաղվողները շատ են, ֆուտբոլից հետո իր մասսայականությամբ այն երկրորդ սպորտաձեւն է, որն ունի մոտ 50 մլն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մարզիկներ, մարզիչներ, աշակերտներ, մրցավարներ: Կարատեի ֆեդերացիայի Շիրակի մարզային կառույցը, չնայած ընդամենը 7 տարվա պատմություն ունի, սակայն այդ ընթացքում գրանցել է բազմաթիվ հաջողություններ՝ գրեթե առանց պետական աջակցության: Ընդ որում, կարատեի ֆեդերացիան Գյումրիում անգամ սեփական մասնաշենք չունի.
-Շատ ցանկալի կլիներ, որ գոնե մեկ շինություն հատկացվեր: Պատկերացրեք, այսօր Գյումրիում գործում է կարատեի երկու մասնագիտացված դպրոց, ու յուրաքանչյուր դահլիճում կա մոտավորապես 3000 դոլարի գույք: Այդ ամենը մենք ստեղծել ենք մեր միջոցներով: Եթե շինություն ու դպրոց ունենային, ցուցանիշներն ավելի բարձր կլինեին,- նկատեց Հ.Ալեքսանյանը:
Կարատեիստներն այժմ մրցումներին մասնակցում են իրենց միջոցներով, ֆեդերացիայի նախագահը նշում է՝ պետք է միջոցներ ապահովել, իսկ սպորտաձեւի զարգացման համար, ընդհանուր առմամբ, մեծ գումարներ են անհրաժեշտ.
-Հիմա ամեն մի մարզիչ մի տեղ գտել է՝ դպրոցների դահլիճներում կամ մանկապարտեզների սրահներում են աշխատում,- ավելացրեց Վ.Շուխյանը:
Մարզիկները խոսեցին նաեւ առաջնության ժամանակ ադրբեջանցիների ու ջավախահայերի հետ տեղի ունեցած միջադեպից, նշելով, որ իրականում այնքան էլ մեծ խնդիր չէր, պարզապես ադրբեջանական լրատվամիջոցները տեսագրությունը Յութուբում տարածեցին ու աղմուկ բարձրացրին.
-Միջադեպը բացարձակ կապ չուներ Հայաստանի պատվիրակության հետ, այն ավելի շատ կապված էր ջավախքահայ մարզիկի ու նրա մարզիչի հետ: Էդ կարգի մեծ միջադեպ էլ չէր, ինչպես որ ներկայացրեցին ԶԼՄ-ներն ու տարածեցին ինտերնետում: Ուղղակի չհասկացան մեկը մյուսին, դրա համար տեղի ունեցավ մի փոքր ընդհարում, Փառք Աստծո, ե՛ւ ադրբեջանցիների, ե՛ւ հայկական կողմի ճիշտ մտածելակերպի արդյունքում ամեն ինչ շատ արագ հարթվեց,- մանրամասնեց Հարություն Ալեքսանյանը:
Մարինե Պետրոսյան
________________________________
Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը: