Կամ ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարանի մրցույթով հետաքրքրվողներ չեն լինում
Թեպետ 15 օրից ավել է, որ Գյումրու քաղաքապետարանն հայտարարել է ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթի մասին, այնուհանդերձ մրցույթին մասնակցելու ցանկություն առայժմ ոչ ոք չի հայտնել: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանն հաստատեց, որ նշված մրցույթին մասնակցելու որեւէ փաստաթուղթ եւ հայտ չեն ստացել: Պաշտոնյայի փոխանցմամբ` մրցույթի հայտարարությունն հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նաեւ «Շրջապատ» շաբաթաթերթում: Այս մրցույթի հայտարարությունն հրապարակված է նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում:
Մրցույթն հայտարարված է թիվ 9, 10 ավտոբուսային եւ թիվ 18, 28, 33, 50 միկրոավտոբուսային երթուղիների համար, այն անցկացվելու է հուլիսի 14-ին: Հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքապետարանում ընդունվում են մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ. մրցույթն անցկացվելու է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն:
Անհրաժեշտ փաստաթղթերից են ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիան, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը, ավտոբուսների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրեր), ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականները, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքներ, ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր եւ այլն:
Վերջին մեկ տարվա ընթացքում այս երթուղիների մրցույթի մասին հայտարարություն արվում է արդեն 2-րդ անգամ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ` մրցույթով նախորդ անգամ եւս հետաքրքրվողներ չեն եղել. մրցույթն հայտարարվել է չկայացած, իսկ նշված որոշ երթուղիները ժամանակավորապես շահագործելու վերաբերյալ պայմանագիր էր կնքվել այլ կազմակերպության հետ:
Անի Մկրտչյան
________________________________
Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը: