ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԵՂԵԼ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
[img]https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcT0xZwyk-ESw0zR6hMpnsJOyx482Zhb6paz_fEvDnPgyhiYTU1vAg[/img]Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, դիմորդների նվազման ֆոնին, դրական շարժ է արձանագրել: Ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ հպարտությամբ է նշում, որ իրենց բուհում առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը աճել է հինգ տոկոսով: «Պոլիտեխնիկական համալսարանում 2014-2015 թ. ուսումնական տարում 877 դիմորդ էր հայտագրվել առաջին փուլով, այս տարի` 919-ը», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց նա:
Պարոն Թոքմաջյանի փոխանցմամբ՝ ըստ մասնագիտությունների՝ ամենաշատ դիմորդների թիվը եղել է կոմպյուտերային համակարգերի ֆակուլտետում՝ 256 դիմում-հայտ: «Ամենացածր դիմելիություն եղել է էներգետիկայի ֆակուլտետում»:
Հ. Թոքմաջյանի խոսքով՝ ինչպես եւ ամեն տարի, բուհ ավելի շատ դիմել են արական սեռի ներկայացուցիչներ: «Պոլիտեխնիկում միշտ էլ ավելի շատ են եղել արական սեռի ներկայացուցիչները, չնայած, չենք դժգոհում նաեւ իգական սեռի խելացի ներկայացուցիչներից»:
Բուհի հանդեպ հետաքրքրությունն ու դիմորդների թվի ավելացումը պարոն Թոքմաջյանը պայմանավորում է ուսումնական ծրագրի որակի բարձրացման, նոր լաբորատորիաների ստեղծման, նոր դասագրքերի հետ: «Հրապուրիչ է դարձել մեզ մոտ սովորելը, չնայած, ասում են, որ բուհը կորցրել է երբեմնի հեղինակությունը: Սակայն թվերի լեզուն այլ բան է հուշում է»,- նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ առաջիկայում նոր մասնագիտություններով կհամալրվի, սակայն, դա, ըստ նրա, երկարատեւ գործընթաց է:
Նշենք, որ այս տարի նոր մասնագիտություն կա դիզայնի գծով:
«Որեւէ վատ բան չի լինի, եթե անգամ այս կամ այն մասնագիտությունից մի քանի բուհերում լինեն: Ես դեմ չեմ առողջ մրցակցությանը»,- նկատեց պարոն Թոքմաջյանը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ