«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է». ՓՈԽՏՆՕՐԵՆ
Ինչպես հայտնի է, «Նաիրիտ» գործարանը նոր փոխտնօրեն ունի` Պարգեւ Պետրոսյան: 168.am-ը գրել էր, որ նա նախկինում երբեւէ չի աշխատել գործարանում եւ դրա հետ առնչություն չի ունեցել: «Իրավունքը» փոխտնօրենի նշանակումից մի քանի օր անց փորձեց կապ հաստատել նրա հետ, բայց մեզ փոխանցեցին` նա հարցերին կպատասխանի մեկ շաբաթից, երբ կծանոթանա լիարժեք գործարանի վիճակին ու իր պարտականություններին: Մեկ շաբաթի փոխարեն անցել է կես ամսից ավելի, «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց նորանշանակ փոխտնօրենին:
- Պրն Պետրոսյան, Ձեր նշանակումից անմիջապես հետո լրատվամիջոցներից մեկը գրեց, որ Դուք նախկինում չեք աշխատել գործարանում եւ դրա հետ առնչություն չեք ունեցել: Հարց է առաջանում` ո՞վ առաջարկեց Ձեզ ստանձնել պատասխանատու այդ պաշտոնը:
- Սա ոչ թե հարց է, այլ հարցաքննություն: Ինձ հրավիրել են, ես համաձայնել եմ: Թե ով է հրավիրել, ոնց է հրավիրել, ինձ թվում է`դա երկրորդական խոսակցություն է: Բերեք ավելի կառուցողական բաներից խոսենք:
- Կառավարությունի՞ց է եղել փոխտնօրենի առաջարկը:
- Ոչ, ոչ: Ես հերքում եմ այդ խոսակցությունները: Եկել եմ, տեսել եմ որոշակի նախապայմաններ, փորձում եմ աշխատել: Այս ժամանակահատվածում փորձել եմ ծանոթանալ որոշակի աշխատանքների, տարածքի վրա գործող-չգործող հզորություններն եմ ուսումնասիրել:
- Որպես «Նաիրիտի» փոխտնօրեն` ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր առջեւ:
- Տեսեք` գործարանն այսօր աշխատավարձերի պարտքերի խնդիր ունի:Ես կանոնակարգում եմ այն բնագավառը, որը վերաբերում է հետագայում սպասվելիք արտադրությանը չխանգարող շինությունների, շենքերի, պաշարների օտարմանը: Կան տարածքներ, որոնք այսօր գնահատման տակ են, գնահատում ենք փորձում կազմակերպել: Պահեստում գտնվող ապրանքներ կան, որոնք փորձում ենք վերանայել, տեսքի բերել, սարքել` թանկ գնով օտարելու համար: Այսօր գործարանը պետք է տեխնիկապես համադրվի, սարքվի, որն անում ենք հիմա:
- Կարո՞ղ եք հստակ ժամկետ ասել` աշխատավարձերի պարտքի մարում եւ գործարանի վերագործարկումը երբ կլինի:
- Ես ինչքան էլ հիմա գործնական խոսեմ, ամեն դեպքում նոր ծանոթանում եմ գործարանի վիճակին: Ժամկետ կդժվարանամ ասել, քանի որ նախ իրավասության խնդիր կա, երկրորդ` անտեղյակության:
- Մինչ «Նաիրիտի» փոխտնօրեն նշանակվելը, որտե՞ղ եք աշխատել:
-Ես մասնագիտությամբ էներգետիկ գազավիկ շինարար եմ: Երկար տարիներ աշխատել եմ գազի պետական կոմիտեում, դրանից հետո` հայ-ռուսական ձեռնարկության տնօրեն եմ աշխատել, հետո` մասնավոր կազմակերպությունում, իսկ հետո իմ փոքր բիզնեսով` շինարարական աշխատանքներ եմ արել, ջրագծեր եմ կառուցել:
-Հիմա է՞լ եք բիզնեսով զբաղվում:
- Ոչ, հիմա միայն «Նաիրիտի» խնդիրներով:
- Գործարանի այս ողբալի վիճակը, ըստ որոշ հրապարակումների ու հայտարարությունների, կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա եղբայրների հետ: Ձեր արձագանքը այս մեղադրանքներին:
- Գնահատականներ չեմ կարող տալ, որովհետեւ նախ չեմ խորացել այդ գործի մեջ եւ չեմ էլ փորձում խորանալ: Ես դատավոր չեմ, մեղավորներ ման չեմ գալիս ու հարցին չեմ էլ տիրապետում:
- Համաշխարհային բանկի նախնական եզրակացության համաձայն` «Նաիրիտը» նպատակահարմար չէ վերագործարկել: Եզրակացությունն ընդունո՞ւմ եք:
- Ինչքանով հասցրել եմ խոսել մեր մասնագետների հետ, նրանք հակառակ կարծիքի են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ