Մրգի և բանջարեղենի բերքն այս տարի առատ կլինի՝ պայմանավորված հանգամանքով, որ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել: Այս մասին հունիսի 4-ին կառավարության նիստին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հանդես է եկել հաղորդումով:
Կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին և դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքերում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը: Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին: Նախարարը նշել է, որ հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով, բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան: Նրա խոսքով՝ լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից:
Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ: