ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը Art+X շարքի միջոցառումների շրջանակներում իրականացվող հերթական միջոցառումը նվիրված էր Գյումրիին: Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն ասում է` այս ձևաչափը ստեղծել են ծառայեցնելու որպես հարթակ զարգացման ոլորտում համագործակցության և Հայաստանում Գերմանիայի ներգրավվածության թեմաների շուրջ փոխանակում իրականացնելու համար: Ձևաչափն առաջին անգամ է փորձարկվում. գաղափարը պարզ է` Art+X համապատասխան անվանումն իր մեջ ներառում է երկու բաղադրիչ` անփոփոխ արվեստը և փոփոխման ենթակա մաթեմատիկական անհայտ X-ը:
«Մաթեմատիկական անհայտն այս դեպքում Գյումրին է: Այստեղ մենք իրականացնում ենք աջակցային ծրագրեր, որոնք ոչ միայն ընթանում են պետական խողովակներով՝ մասնավորպես GIZ-ի՝ Գերմանական տնտեսական համագործակցության միության և KFW վարկերի վերականգնման բանկի միջոցով, այլև այս միջոցառման ընթացքում կներկայացվեն ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են մեր կողմից: Գյումրիում մեր համագործակցությունը ծավալվում է հիմնականում սոցիալական ոլորտում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց դեսպանը:
Դեսպանատանը շուրջ քսան օր ներկայացված կլինեն նաև գյումրեցի Կարեն Բարսեղյանի ստեղծագործությունները: Վերջինս իր արվետի համար որպես արտահայտչամիջոց ընտրել է ջինսը: Նա իր ստեղծագործություններից մեկն էլ նվիրեց դեսպանին: