ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի և Լևոն Զուրաբյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով: ՀԱԿ խմբակցության պատգամավորները նաև առաջարկում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, բացի այդ, երկշաբաթյա ժամկետում մշակել և Ազգային ժողով ներկայացնել դրանց վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագրում:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում հիմքեր կան, որոնք պետք է ուսումնասիրի դատախազությունը և տա իր գնահատականը:
«Ես ներկայացնում եմ փաստ, որը հաշվի առնելով՝ պետք է հանձնաժողովը հավանության արժանացնի նախագիծը և թույլ տա, որպեսզի այն մտնի ԱԺ քառօրյա: Բոլոր իրավաբանական անձինք վառում են որոշակի քանակով գազ, և տեսուչները մշտապես իրավաբանական անձանց վառած գազի վրա ավելացնում են գործակից, տարիներ շարունակ այս կոռուպցիոն գործընթացը շարունակվում է, և չկա որևէ պայմանագիր գազ սպառող անձանց հետ: Սա գողություն է, որը պետք է իր պատիժը գտնի, և կարծում եմ` դատախազությունն այս ոլորտում անելիք ունի»,- նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ խախտումներն այնքան շատ են, որ եթե դատախազությունն իսկապես ստուգումներ անի, կարող է զսպել այս համակարգի մեծ ախորժակը: Մանուկյանը նշեց, որ ինքն այս պահին բազմաթիվ փաստեր ունի, բայց այն դեռ չի պատրաստվում հրապարակել, քանի որ փաստերի հրապարակումը կարող է խանգարել այդ գործերի բացահայտմանը:
Սա առաջացրեց նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի դժգոհությունը.
«Ներկայացրեք ձեր նշած բազմաթիվ օրինակներից գոնե մեկը, թե չէ այստեղ եկել շոու եք անում»,- ասաց Վ.Այվազյանը: Նա նաեւ, դիմելով Արամ Մանուկյանին, հարցրեց, թե ինչու այս ամենը չի ներկայացնում որպես հաղորդում հանցագործության մասին, եւ կամ ինչու մինչեւ հիմա ինքը կամ իրենց խմբակցությունը չեն դիմել գլխավոր դատախազին:
Ի պատասխան՝ Արամ Մանուկյանը հորդորեց հանրապետական պատգամավորին իր խոսքում կոռեկտ լինել, քանի որ հասարակությունը շատ լավ գիտի, թե ով է շոումենը: Բացի այդ, Արամ Մանուկյանը նշեց, թե ինքը քննիչ չէ եւ խոսում է երեւույթի մասին, մնացածը թող դատախազությունն անի:
«Ես առաջարկում եմ այն դրական եզրակացություն տալ, եւ թող խորհրդարանում քննարկվի, դուք էլ ձեր տեսակետները կասեք, եւ դատախազությունն էլ թող ուսումնասիրի եւ ասի, թե տեսեք, ոչ մի բան չկա, եւ ՀԱԿ խմբակցությունը կեղծ փաստաթղթեր է մշակել»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ելույթ ունեցավ նախագծի վերաբերյալ եւ միանգամից հայտարարեց, որ ինքը դեմ է, ապա դիմելով Մանուկյանին՝ նշեց. «ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը տեղադրված է ԱԺ կայքում, եթե դատախազությունը գտնի, որ այնտեղ կան թերություններ, կարող է քննել, ինչ կարիք կա դիմելու: Ես, օրինակ, դեմ եմ, անիմաստ գործընթաց է»,- ասաց Այվազյանը: Վերջինիս խոսքով՝ Արամ Մանուկյանի հիմնավորումներն իրենց համար հիմք չեն, որ կողմ լինեն եզրակացությունը դատախազություն ուղարկելու համար: Հակադարձելով՝ Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը որպես ՀԱԿ պատգամավոր կարող է և ուղարկելու է եզրակացությունը դատախազություն, բայց երբ կա Ազգային ժողովի միասնական որոշում, այդ ժամանակ հարցը մեծ հնչեղություն է ունենում, և տարբերությունը հենց դա է.
«Երբ մենք Ազգային ժողովով միասնական դիրքորոշում ենք հայտնում և ուղարկում ենք դատախազություն, այդ ժամանակ ավելի հնչեղություն է ունենում, և պատկան մարմինները հարկ եղած դեպքում հստակ ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը»,- ասաց Արամ Մանուկյանը:
Բացի այդ, Ա.Մանուկյանը նկատեց, որ տնտեսական հարցերի հանձնաժողովը կանոնակարգի խախտում է թույլ տվել և ուշացումով է նախագիծը դրել շրջանառության մեջ: Հանձնաժողովի փորձագետը հիմնավորեց՝ ասելով, թե իրենք կանոնակարգով են շարժվել: Վերջինիս պատասխանը համոզիչ չէր Մանուկյանի համար: Թեմային միջամտեց Վարդան Այվազյանը և ասաց, թե ցավում է, որ ԱԺ-ում քսանհինգ տարի աշխատող աշխատակցի հիմնավորումը Մանուկյանը կասկածի տակ է դնում:
«Ձեզ էլ քսանհինգ տարի գիտեմ, բայց ձեր ասածը բացարձակ չեմ ընդունում»,- արձագանքեց Մանուկյանը:
«Ինչ շոու եք անում, կայքում դրված է, կարող են հանգիստ վերցնել կամ էլ քո խոսքն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին»,- ասաց Վարդան Այվազյանը:
«Ինձ հետ հոգնակիով խոսեք, ես ձեզ հետ նման տոնով չեմ խոսում: Ինչ շոու, ես ձեզ հետ նման բառեր կիրառո՞ւմ եմ: Դուք ով եք, որ ինձ թույլ տաք ելույթ ունենամ, թե ոչ, դեռ չի եղել մի մարդ, որն ինձ թույլ չտա խոսել»,- հակադարձեց Մանուկյանը:
Փոխադարձ մեղադրանքներից հետո նախագիծն ի վերջո դրվեց քվեարկության և բացասական եզրակացություն ստացավ: Հանձնաժողովի ութ անդամներից ներկա էին միայն չորսը, որից երեքը ՀՀԿ-ականներ են: ՀՀԿ-ականներ Արման Սահակյանը, Հակոբ Հակոբյանը եւ Վարդան Այվազյանը դեմ քվեարկեցին, իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Բաբայանը ձեռնպահ էր: Հավելենք, որ նիստից բացակայում են ԲՀԿ և ՕԵԿ խմբակցության պատգամավորները:
Փայլակ Ֆահրադյան