Վարունգ, լոլիկ, կաղամբ, կեռաս ու ծիրան: Բերքառատ տարի է սպասվում՝ կառավարության մայիսի 4-ի նիստի ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Տարվա սկզբից Հայաստանն արդեն 280 տոննա կեռաս է արտահանել, իսկ 10 օրից կսկսվի ծիրանի արտահանումը, որն այս տարի մեծ ծավալներ է խոստանում.
-Արտահանումը շարունակվում է: Յուրաքանչյուր օր հանրապետությունից դուրս է բերվում 300-500 տոննա պտուղ-բանջարեղեն,-նշում է նախարարը:
Բարի լուրերը սահմանափակվում են: Գարնանային կարկուտը մոտ 1400 հա տարածք է վնասել` նշանակետում են եղել բազմամյա բույսերը: Մի քանի օր հետո աշխատանքային խումբը գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաեւ ՏԿԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ, կարկուտի վնասի վերաբերյալ վերջնական գնահատական կներկայացնի:
Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացնում է, որ փորձն արդեն ցույց է տվել, որ հակակարկտային կայանները վատ են աշխատում եւ հարկավոր է անցում կատարել ցանցային համակարգին: Փող կուլ տալու հերթական տարբերակը թերեւս…
Հանգիստ ու առանց որեւէ միջադեպի անցնող կառավարության նիստին չէր մասնակցում ԿԳՆ Արմեն Աշոտյանը, իսկ նրա ոլորտին առնչվող հարցը հանվել էր օրակարգից:
Տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:
Արմեն Աշոտյանը արդեն մի քանի օր է արտերկրում է՝ facebook սոցիալական ցանցում գրառում էր կատարել եւ հայտնել, որ իր հաշվին արձակուրդ է վերցրել եւ արտերկրում գիտաժողովի է մասնակցում: Իսկ այդ ընթացքում մեկնարկեցին միասնական քննությունները… Արտերկրից էլ նա բարեւեց աշակերտներին եւ հաջողություն ու բարի երթ մաղթեց:
Կառավարության վերին դռներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վարչապետն էլ հաջողություն ու բարի երթ է մաղթել հենց Աշոտյանին: Հովիկ Աբրահամյանը նրան կամաց-կամաց հեռացնում է աշխատանքից: Տարբերակներից մեկի համաձայն, Աշոտյանը կզբաղեցնի ԱԽՔ թափուր պաշտոնը, իսկ նախարարության ազատ պաշտոնը բաժին կհասնի ՀՅԴ-ին:
Աշոտ Ասատրյան
________________________________
Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը: