Ըստ mes.am-ի, հունիսի 4-ին` ժամը 11:28-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010 թվականին ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից (2-րդ եւ 3-րդ հարկերի միջեւ). վերելակում են գտնվել նաեւ 2008 թ. ծնված Մ.Բ.-ն եւ դայակը՝ Ն.Զ.-ն: Լ.Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ եւ մահացել է:
Ըստ մամուլում առկա տեղեկությունների, 5-ամյա երեխայի գլուխը մնացել է Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում, ինչի հետեւանքով երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Վերելակում երեխայի հետ եղել էին նրա դայակն ու 7-ամյա եղբայրը:
«Ասպարեզը» Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի պետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվել է` եթե անձը առանձնատուն է կառուցում եւ ցանկանում է դրա մեջ վերելակ տեղադրել, ինչ-որ թույլտվություն պե՞տք է վերցնի, թե՞ ցանկացած տեսակի վերելակ կարող է տեղադրել:
-Վերելակները տեղադրելու եւ շահագործելու համար, դրանք համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից պետք է անցնեն անվտանգության փորձաքննություն եւ պետք է լինի փորձաքննական եզրակացություն: Եթե կառուցապատողի կողմից վերելակը տեղադրելու ցանկություն կա, ապա մենք նախագծի մեջ ներառում ենք նաեւ վերելակը, դրա տիպը, չափը, տեղադրման տեխնիկական պայմանները, բայց շահագործման ժամանակ պարտադիր պահանջ է վերելակի` անվտանգության փորձաքննություն անցկացնելը,-պարզաբանեց Հ.Գասպարյանը:
Ակնարկին` փաստորեն, եթե անձն առանձնատուն է կառուցում եւ ուզում է դրա մեջ ներառել նաեւ վերելակ, պետք է համապատասխան թույլտվություն ունենա, Հ.Գասպարյանը նշեց, որ եթե վերելակի տեղադրումը վերաբերում է շինարարական աշխատանքներ կատարելուն, ապա անպայման թույլտվություն պետք է լինի:
-Եթե ինչ-որ օբյեկտ է կառուցում եւ դրա մեջ նախատեսում է տեղադրել վերելակ, ապա նախագծի մեջ նշվում է, թե ինչ տեսակի եւ ինչ չափի վերելակ է ուզում տեղադրել: Մենք, նախագծի սահմաններում թույլատրում ենք, այսինքն,-վերելակի տեղադրումը դրա կազմի մեջ է մտնում:
Հարցին` եթե անձն առանձնատունը կառուցել, վերջացրել է եւ ցանկանում է դրա մեջ վերելակ տեղադրել, այդ դեպքում պե՞տք է ինչ-որ թույլտվություն ունենա, զրուցակիցս նշեց. դրա համար անձը պետք է իր առանձնատան պատի մեջ փոփոխություններ կատարի եւ դարձյալ պետք է համապատասխան թույլտվություն վերցնի:
Նշենք, որ ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի, վերելակները դասվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շարքը, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում:
Միաժամանակ հայտնենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը չի կարգավորում առանձնատներում վերելակների գործունեությունը:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կենտրոնի գործունեությունն էլ նպատակաուղղված է ՀՀ տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառություններ կազմակերպելն ու իրականացնելը, այդ թվում` վերելակներում, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարան շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում՝ բացառությամբ 250 կգ կամ պակաս բեռնատարողությամբ վերելակների:
Նշենք, որ մինչեւ 12 տարեկան երեխաները վերելակներից միայնակ օգտվելու իրավունք չունեն:
Հ.Գ. Ամեն դեպքում, տեղի ունեցած դժբախտ դեպքի համար ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի:
Անահիտ Սիմոնյան
________________________________
Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը: