Արեւ Սամուելյան. «ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀՈԳԱ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ»
[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/11209566_789367584494593_6759669444208498377_n.jpg?oh=20af5149ece1636dfd86243efeed50cf&oe=55EFAB36[/img]Վերջերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆՆ էր, ով պատասխանեց մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի մի քանի տասնյակ հարցերին, որոնք վերաբերում էին թանգարաններում առկա խնդիրներին, թանգարանային միջոցառումներին եւ այս ոլորտում մշակույթի նախարարության կողմից իրականացված աշխատանքներին:
«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԸՆԴԱՄԵՆԸ 6 ՏՈԿՈՍՆ Է ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ»
- Մարզերում գտնվող թանգարանները հիմնականում ի՞նչ խնդիրներ ունեն եւ ի՞նչ քայլեր են կատարվում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան):
- Մարզային թանգարանների խնդիրները չէի առանձնացնի երեւանյան թանգարանների խնդիրներից, քանի որ բոլոր տեղերում էլ նույն խնդիրներն են: Անշուշտ, բոլոր տեղերում էլ առկա է ցուցադրական տարածքի հետ կապված խնդիրներ: Մեր ֆոնդերը շատ ավելին են, քան ցուցադրական տարածքները: Այս առումով պետք է նշեմ, որ թանգարանային ֆոնդերի ընդամենը 6 տոկոսն է ցուցադրվում: Միեւնույն ժամանակ, ընդգծեմ, որ դա միայն հայաստանյան խնդիր չէ, այլ միջազգային: Բոլոր այն երկրները, որոնք ունեն հարուստ մշակութային ժառանգություն, ունեն նաեւ ցուցադրական տարածքների խնդիր: Բայց, մենք այդ խնդիրը փորձում ենք լուծել տարբեր ձեւերով: Օրինակ, էլեկտրոնային ցուցադրությունների միջոցով: Հավելեմ, որ մայիսի 16-ին Պատմության թանգարանում տեղի ունեցավ գորգերի վիրտուալ թանգարանի շնորհանդեսը: Ինչպես գիտեք, մենք փաստացի առանձին գորգերի թանգարան չունենք, սակայն, գրեթե հայաստանյան բոլոր թանգարանների մեծամասնության ֆոնդերում կան գորգեր, եւ այս վերտուալ թանգարանի բացմամբ հնարավոր եղավ դրանք ներկայացնել հանրությանը: Նախարարությունը բավականին լուրջ աշխատանք է տանում էլեկտրոնային շտեմարանների համալրման ուղղությամբ, եւ այդ ծրագիրը պետք է շարունակվի մինչեւ 2020 թվականը: Մշակութային արժեքների էլեկտրոնային շտեմարանում կմեկտեղվեն ոչ միայն Հայաստանում գտնվող մշակութային արժեքները, այլ նաեւ նրանք, որոնք գտնվում են աշխարհի տարբեր երկրներում: Կուզեի նաեւ ավելացնել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի` Պարույր Սեւակի հոբելյանի կապակցությամբ, սոցներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցվեց եւ վերանորոգվեց Պարույր Սեւակի տուն-թանգարանի նոր մասնաշենքը` ֆոնդարանը:
Թանգարանային խնդիրներից կառանձնացնեի նաեւ թանգարանային նմուշները վերականգնելու հարցը, որը նույնպես միջազգային խնդիր է: Այս ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ տարվում են: Օրինակ, վերջերս ճապոնական շատ խոշոր գրանտային ծրագրով Ազգային Պատկերասրահը եւ Պատմության թանգարանը մետաղի գործվածքի, կտավի եւ այլնի վերականգնմամբ զինվեց: Եվ, իհարկե, թանգարանային լուրջ խնդիր է թանգարանների վերանորոգման հարցը, որն ամենաշատն է տեսնում հանրությունը:
- Եվ եւս մեկ հարց, որքանո՞վ է այսօր պահպանվում հայաստանյան թանգարաններում բնակլիմայական պայմանները, քանի որ դա շատ կարեւոր է մշակութային արժեքների հարատեւման համար:
- Փորձում ենք այդ խնդիրները հնարավորինս լուծել, եւ խոշոր պահոցներում` Պատկերասրահում, Պատմության թանգարանուն, նաեւ գրականության եւ արվեստի թանգարանում` իր մասնաճյուղերով, հիմնականում այդ խնդիրները լուծված են: Իհարկե, անելիքներ միշտ էլ կան, հատկապես մարզերում: Եվ վստահ եղեք, որ այդ բոլոր խնդիրները մշտապես պետության, կառավարության եւ անձամբ նախագահի ուշադրության կենտրոնում են:
ՎԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ [img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xpf1/v/t1.0-9/10982412_789367597827925_297390785969699446_n.jpg?oh=b091a036cd677343145f184b93b3aa4b&oe=55E9840B[/img]
- Հեռուստատեսությամբ վերջերս Մշակույթի նախարարն ասաց, որ առաջիկայում լավ նորություններ են լինելու երջանկահիշատակ Լուսինե Զաքարյանի տունը թանգարանի վերածելու հարցում: Բայց վստահ եմ` տեղյակ եք, որ հենց այդ նույն շենքի նկուղային հարկում Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարանն է գտնվում, որտեղ կտավները, պարզապես, նեխում են: Ի՞նչ կասեք այս մասին: (Տիկին ԳՈՀԱՐ, ք. Երեւան)
- Այդ հարցն անձամբ տիկին նախարարի ուշադրության կենտրոնում է եւ իր հանձնարարությամբ մոտավորապես մի քանի շաբաթ առաջ այցելել եմ Վան Խաչատուրի արվեստանոցը: Նշեմ, որ 2012 թվականից մշակույթի նախարարությանը կից գործում է խորհուրդ, որը մշակել է ընթացակարգ` մասնավոր հավաքածուների պետական աջակցության վերաբերյալ: Հատուկ շեշտեմ, որ այդ խորհուրդը որոշել է պետական աջակցությամբ Վան Խաչատուր արվեստանոցի կտավների վերականգնման, էքսպոզիցիայի կազմակերպման եւ կատալոգի կազման համար տրամադրել որոշակի գումար: Իսկ ինչ վերաբերում է արվեստանոցի վերանորոգմանը, մեզ հայտնի է, որ այնտեղ կոսմետիկ վերանորոգման խնդիր է հիմնականում, որովհետեւ, ինչպես ճիշտ նշեցիք, վերեւի հարկում Լուսինե Զաքարյանի տունն է, որտեղ խողողավակաշարը վաղուց չի վերանորոգվել եւ նկուղի մասում որոշակի կոմունալ խնդիրներ կան: Իրականում վերանորոգման հարցը մշակույթի նախարարության իրավասությունից դուրս է, բայց քանի որ այդ խնդիրը մեր աչքի առջեւ է, կփորձենք նաեւ տարբեր այլընտրանքային տարբերակով փնտրել այդ հարցի լուծումը:
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴԻԿ ԻՍԿԱԿԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ ԵՆ»
- Թանգարաններում արդյո՞ք առկա է մասնագիտական կադրերի խնդիր (ՏԻԿԻՆ ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան):
- Նախ պետք է նշեմ, որ հատկապես այսօր թանգարաններում աշխատող մարդիկ իսկական նվիրյալներ են: Գաղտնիք չէ, որ նրանց աշխատավարձերը շատ բարձր չեն, չնայած նախորդ տարի կառավարության ծրագրով միջինը 40 տոկոս մշակույթի ոլորտում աշխատողների աշխատավարձերը բարձրացան: Վերադառնալով հարցին` ասեմ, որ ժամանակին ինչ-որ պաշտոններ անժամկետ էին, բայց այսօր խստագույն ձեւով նախարարության եւ անձամբ տիկին նախարարի կողմից այդ հարցը վերահսկվում է եւ մրցույթներ են իրականացվում, որտեղ պարտադիր պայմաններից են` կրթությունը, մասնագիտական որակավորումը, աշխատանքային փորձը: Հատուկ ուզում եմ ողջույնի խոսք ասել մանկավարժական համալսարանի համապատասխան ֆակուլտետի այն բոլոր դասախոսներին, որոնք պատրաստում են չտեսնված, նոր երիտասարդ կադրեր թանգարանների համար: Արդեն երկու տարի է, ինչ ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության բաժինն ավարտում են շատ լավ կադրեր, որոնք այսօր համալրում են թանգարանները նոր կադրերով:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿՉԻ ԽՆԴԻՐՆ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
- «Թանգարանների գիշեր» ակցիան շատ լավ նախաձեռնություն է, բայց գիտեք, դրանից հետո թանգարանների վիճակը, մեղմ ասած, ողբերգական է դառնում: Օրինակ, Էրեբունի թանգարանում ականատես ենք եղել, թե ինչպես են մարդիկ մտնում թանգարան արեւածաղիկով: Այսինքն` միայն այն բանի համար, որ անվճար է, բոլորը փորձում են գնալ թանգարան այդ օրը, ինչի արդյունքում վնասներ է կրում թանգարանը (ԱՆԱՀԻՏ, ք. Երեւան):
- Միայն պետական մարմինը չէ, որ պետք է հոգա ամեն ինչի մասին: Յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր բնակչի խնդիրն է մշակութային ժառանգության պահպանությունը: Երբ մարդիկ գնում են ուխտավայր եւ այնտեղ ախտոտում են, կենցաղային աղբը չեն հավաքում իրենց հետեւից կամ ասում են` ի՞նչ ենք արել, աղոթել ենք, բայց խաչքարն ապականում են` վրան մոմեր վառելով, չգտես ինչու, դա չի համարվում իր անձնական, այլ համարվում է պետության խնդիրը:
- Արդեն 11-րդ տարին է, ինչ անցկացվում է«Թանգարանների գիշեր» ակցիան, ի՞նչ փոփոխություններ եք արձանագրել, արդյո՞ք այս ակցիան նպաստում է, որ այլ օրերին էլ թանգարան այցելողների թիվն ավելանա (ՄԱՐԻՆԱ ՅՈՒՐԵՎՆԱ, ք. Երեւան):
- Շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ առաջին հայացքից մարդիկ մտածում են, որ բոլորը թանգարան գնում են միայն անվճար օրերին: Անշուշտ, այդ օրերը շատ մարդ է այցելում թանգարան: Եթե համեմատենք նախկինի հետ, ապա պետք է նշենք, որ տարեցտարի այդ օրերին թանգարաններ այցելողների թիվը բավական աճում է: Բայց նաեւ ընդհանուր առմամբ` տարվա կտրվածքով թանգարանների այցելության աճ մենք տարեցտարի 8-11 տոկոս գրանցում ենք: Եվ յուրքանաչյուր նման անվճար ակցիա իր հետ բերում է բազմաթիվ նոր այցելուներ նաեւ այլ օրերին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այստեղ: