Հինգերորդ գումարման ԱԺ-ի ութերորդ նստաշրջանը մեկնարկել է: Նիստի սկզբում վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեոն Զուրաբյանը: Նա, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, թե օրեր առաջ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀԱԿ-ի ներկայացրած ծրագիրը, որով առաջարկվում էր գազամատակարարման համակարգում առկա չարաշահումների փաստով զբաղվել եւ նախագծի որոշումը գլխավոր դատախազությանն ուղարկել, բայց նախագծի հեղինակները, որոնք հինգն են եղել, չեն տեղեկացվել եւ չեն կարողացել ներկա գտնվել:
Գալուստ Սահակյանը նշեց, թե հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում կատարել է իր աշխատանքը, եւ եթե պատգամավորներն ուշադիր լինեին, տեղյակ կլինեին: Սույն հարցի վերաբերյալ վարման կարգով ելույթ ունենալով անդրադարձավ նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա Զուրաբյանին տեղեկացրեց, որ նիստին Արամ Մանուկյանը ներկա է եղել: Արձագանքելով էլ Զուրաբյանը նշեց, որ տեխնիկական խնդիր է եղել, եւ քանի որ ինքը Հայաստանում չի եղել եւ միայն այսօր առավոտ է վերադարձել, իսկ Արամ Մանուկյանն էլ արդեն իսկ երկրում չէ, չի տեղեկացել:
«Ես նոր եմ եկել Ռուսաստանից, դրա համար մենք չենք կարողացել փոխանակել ինֆորմացիա, պրոբլեմ չկա»,- ասաց Զուրաբյանը:
Վարման կարգով ելույթ ունենալով էլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Շանթ Ոսկերչյանի` Հայաստան մուտք գործելն արգելելու վերաբերյալ հարցը:
«Մայիսի քսաներկուսին ՀՀ ԱԱԾ-ն մուտք գործելու հնարավորություն չի տվել ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանին, ով Հայաստանում գտնվելու իրավունք ուներ, եւ այս փաստը սուր հակասության մեջ է մտնում ձեր իշխանության «Արի տուն» ծրագրի հետ, ի վերջո գա՞ն, թե՞ չգան տուն, մարդիկ գալիս են, բայց արգելում են»,- ասաց Փաշինյանը:
Ի պատասխան՝ Գ.Սահակյանը նշեց, թե մանրամասներին տեղյակ չէ եւ կփորձի պարզաբանել: ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձավ իր կողմից մշակված նախագծին, որը Գալուստ Սահակյանը հրաժարվում է շրջանառության մեջ դնել: Խոսքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագիծը քննարկելու մասին է:
«Պարոն Սահակյան, արդեն երկար ժամանակ է դուք հրաժարվում եք շրջանառության մեջ դնել իմ կողմից հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Սյունիքի մարզպետի վարքագծին: Դուք նման լիազորություններ չունեք, ես դատի էի ուզում տալ ձեզ եւ դատական համակարգի միջոցով այդ հարցը կարգավորել, բայց դատարանները վարույթ չեն ընդունում, բայց կուզենայի իմանալ՝ ինչն է խնդիրը, որ այդ հայտարարության նախագիծը չեք դնում շրջանառության մեջ»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ անգամ եթե չի դրվում, միեւնույնն է, անպատժելի մթնոլորտը շարունակվում է: Փոստանջյանի խոսքով՝ Ս.Խաչատրյանի պահվածքը խայտառակում է ամբողջ պետական համակարգը, եւ նա շարունակում է մնալ սպառնալիք հասարակության համար: Իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, դիմելով Գ.Սահակյանին, բարձրացրեց ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պահվածքի հարցը: Մարուքյանը նշեց, թե պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վարչության պետը Ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրավորական խոսքեր է ուղղել պատգամավորների հարցերին: «Նա գրել է, թե պատգամավորները ծիծաղելի ու անգրագետ հարցեր են տալիս, հիմա ուզում եմ հասկանամ՝ ում մասին է խոսքը: Ի վերջո, նրա գործը մեր գործունեությունը լուսաբանե՞լն է, թե՞ վիրավորելը, շունը տիրոջը չի ճանաչում: Պահանջում եմ, որ հայտնի, թե ում մասին է խոսքը, եւ հրապարակավ ներողություն խնդրի»,- ասաց Մարուքյանը: Ի պատասխան՝ Գ.Սահակյանը նշեց, որ կզբաղվի այդ հարցով:
Փայլակ Ֆահրադյան