Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է, որ նոր նախագահական Աք Սարայ պալատը կառուցվել է հին նստավայրում ուտիճների առկայության պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Էրդողանի խոսքերով՝ հին պալատի զուգարաններում վխտում էին ուտիճները: «Արդյո՞ք այսպիսի նստավայրը վայել է Թուրքիայի վարչապետին»,- հռետորական հարց է ուղղել Էրդողանն ATV հեռուստաալիքի լրագրողին տված հարցազրույցում: «Չի կարելի տնտեսել ծախսերից, երբ խաղադրույքում դրված է երկրի իմիջը»:
Աք Սարայ պալատի շինարարությունը սկսվել է 2011 թվականին, եւ պետք է ծառայեր որպես Թուրքիայի վարչապետի գրասենյակ: Հաղթելով 2014թ.-ի օգոստոսին նախագահական ընտրություններում՝ Էրդողանը հայտարարեց, որ կառույցը կօգտագործվի որպես նախագահի նստավայր:
Թուրքիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 1150 սենյակ ունեցող պալատը բյուջեի համար արժեցել է 615 միլիոն դոլար: Ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել նախագիծը թե չարդարացված ծախսերի պատճառով, թե այն պատճառով, որ շենքը կառուցվել է պատմական համալիրի տարածքում:
Աղբյուր՝ Associated Press
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան