ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՆԱ, ՈՎ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է» ՖԻԼՄԸ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ (տեսանյութ)
[img]https://scontent.fash1-1.fna.fbcdn.net/hphotos-xpt1/v/t35.0-12/11297065_876023595804113_1462798790_o.jpg?oh=7df09713ad69cebfdcdd0cb0ef83000c&oe=557B437D[/img]Երիտասարդ կինոռեժիսոր ԺԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ «ՆԱ, ՈՎ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է» ֆիլմը, որ նկարահանվել է 2013 թվականին եւ արժանացել ՀՀ նախագահի մրցանակին, վերջերս Ռուսաստանի Դաշնության Յարոսլավ քաղաքում կայացած «Դու միայնակ չես» յոթերորդ միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դոկումենտալ ֆիլմ:
«Իրավունքն» արդեն ներկայացրել է, որ ֆիլմը պատմվում է երիտասարդի մասին, ով հաշմանդամ է, սակայն այդ հանգամանքը նրան չի խանգարում իրեն զգալ հասարակության լիիրավ անդամ: Ֆիլմի հերոսը նպատակ ունի իրեն եւ շրջապատին ապացուցելու, որ նա էլ կարող է շատ ավելին անել, քան թվում է... Ֆիլմը Հայաստանում եւս արժանացել է մրցանակների «Արտ Ֆեստ» եւ «Ես եմ» երիտասարդական փառատոներում:
Հեղինակի ընկերներն ու ուսուցիչները հավատացած են, որ այդ մրցանակները դեռ միայն սկիզբն են, իսկ հեղինակը` համեստորեն է արտահայտվում մրցանակների մասին, «Անշուշտ մրցանակ ստանալը ոգևորիչ է, սակայն չի մեծամտացնում, պարտավորեցնում է: Եթե հաղթում ես, ապա իրավունք չունես պարտվելու»,- ասում է երիտասարդ ռեժիսորը եւ հպարտորեն հավելում, որ փառատոնում լինելով Հայաստանի միակ ներկայացուցիչը, կարողացել է հաղթանակ գրանցել: Ինչ վերաբերում է ապագա աշխատանքներին, Ժաննան երկար չի խոսում, բայց խոստանում է իրենից սպասելիք ունեցողներին չհիասթափեցնել:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ