ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Խաչատուրովի հանդիպումը Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում երկու հարևան երկրների միջև համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:
Նույն օրը Խաչատուրովին ընդունել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա հունիսի 11-ին: