ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐ. «ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԹՈՂ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ, ԵԹԵ...»
Երեկ խորհրդարանում կազմակերպվել էին լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ, որոնց ներկա էին թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Լսումներին ներկա էր նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ում «Իրավունքը» ուղղեց մի քանի հարց:
- Պրն Սարգսյան, երեկ խորհրդարանում հոսանքի թանկացման վերաբերյալ իրենց հիմնավորումները ներկայացրին ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանն ու էլեկտրաէներգիայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրանց հիմնավորումներն ընդունելի՞ են Ձեզ համար:
- Ես Ռոբերտ Նազարյանին ասացի, որ նա ՀՀ քաղաքացի է, ով պետք է փորձի հոսանքի թանկացման հարցին այդ տեսանկյունից պատասխանել: Եթե համարում ես, որ լծակներդ քիչ են, գնա կառավարություն, ասա` ինչ եք անում: Ինձ դրել եք այս պայմաններում, ու ես պետք է ժողովրդին պատասխան տամ: Հետո ինչ է նշանակում` ես պարտավոր եմ մտածել մեր էներգահամակարգի ֆինանսական կայունության մասին: Բա մեր ֆինանսական կայունության մասին ո՞վ պետք է մտածի:
- Ռոբերտ Նազարյանն ասում է, որ հայտը մերժելուց առաջ պետք է մատնանշեն մի աղբյուր, որը կապահովի մեր էներգակայուությունը: Եթե դա չկա, նա իր վրա հայտը մերժելու պատասխանատվություն չի վերցնի:
- Դե եթե չի վերցնի, թող հրաժարական տա: Եթե դու տեսնում ես, որ չես կարող անել այն, ինչ արդարացի է, պետք է բողոքես, քո ճշմարտությունը տեղ հասցնես, իսկ եթե չի լինում, պետք է թողնես հեռանաս:
- Իսկ մենք ունե՞նք այդ աղբյուրը, որի մասին խոսում է Նազարյանը:
- Նրանք, ովքեր արտադրում են էլեկտրաէներգիա, շահագրգռված են, որ թանկ գնով այն գնվի: մենք հիմա ունենք արտոնյալ արտադրողներ, որոնց շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է գինը բարձրացնել: «Տարին սակավաջուր է» նախադասությունը հորինված է: Եթե Սեւանից ջուր բաց թողնելով` «Սեւան կասկադն» աշխատեցնել եք, ի՞նչ սակավաջրության մասին է խոսքը:
- Ենթադրենք, Ռոբերտ Նազարյանը մերժի հոսանքի թանկացման հայտը, ի՞նչ իրավիճակ կառաջանա:
- Ատոմակայանը շարունակում է աշխատել, մենք հոսանք ենք ստանում, պարզապես ՀԷՑ-ի պարտքերը մի քիչ ավելանում են: Այդ ընթացքում աուդիտ է արվում, տեսնում ենք` որտեղ են թերացումները, ինչպիսի ռազմավարություն ձեւավորել: Կառավարության անդամներից մեկն ինձ ասում է` 21-րդ դարում ով է տեսել, որ տեսուչը հոսանքի հաշվիչներից ցուցմունք գրի:Մի չիպս են դնում ու ամբողջությամբ կենտրոնացած կառավարում: Բա անեիք, ինչո՞ւ չեք արել:
- Երվանդ Զախարյանն իր ելույթում այդպես էլ շատ հարցեր անպատասխան թողեց: Միգուցե տեղյա՞կ չէ խնդրից:
- Երվանդ Զախարյանը տեղյակ չէր, երբ քաղաքապետ էր, տեղյակ չէր այլ պաշտոններում: Ես չգիտեմ, երբ քաղաքն այս այլանդակության հասավ, խախտվեց մեր ճարտարապետական անսամբլը, ում մեղքով էր այս ամենը: Զախարյանն իր երեկվա ելույթում խոսեց հետագա անելիքների մասին, որոնք մենք լսում ենք արդեն 25 տարի տարբեր կառավարություններից:
- Երվանդ Զախարյանը պետք է հրաժարական տա՞:
- Դրանից ոչինչ չի փոխվի, եթե համակարգը չփոխվի: Ինձ բացարձակ դա չի հետաքրքրում:
- ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը, կոռուպցիոն ռիսկերը նաեւ իրավական դաշտում են, բայց ոչ ոք չի ցանկանում հաղորդում ներկայացնել դատախազություն:
- Ըստ օրենքի` դատախազությունը պետք է փորձի բացահայտել իրավիճակը: Ասում են` սեփականատիրոջ իրավունք չունենք ասելու: Էդ ի՞նչ օրենք եք ընդունել, որ սեփանակատիրոջը չեք կարող ոչինչ ասել: Եթե կա հայտարարություն, դատախազությունը հաղորդման կարիք չունի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ