«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈՐՁԸ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ»
Ակնհայտորեն հայրենի քաղաքական ընդդիմությունը տվել է հաջորդ խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկը, եւ ամառը դեռ հորով-մորով չարած` պատրաստվում է քաղաքական աշնան նոր վերադասավորումներին: Իսկ թե նոր քաղաքական վերադասավորումներում ի՞նչ դերակատարություն կամ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ տեսակետը.
- Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը փորձված քաղաքական գործիչ է, բայց բոլոր դեպքերում այսօր քաղաքական գործիչը պետք է ունենա կուսակցություն, իսկ նա չունի այդ տիպի կուսակցություն: Ինչքան էլ ասենք, թե «Բարգավաճ Հայաստանը» Քոչարյանին է, ԲՀԿ-ում հավաքված են մարդիկ, որոնք տարբեր գաղափարական հայացքներ ունեն եւ բոլորը չէ, որ այսօր կգնան նրա հետեւից: Բացի այդ, Ռ. Քոչարյանը, համենայն դեպս, հրապարակային քաղաքականություն մտնելու հայտ չի ներկայացրել:
- Այնուամենայնիվ, եթե Ռ. Քոչարյանը փորձի հրապարակային քաղաքականության գործընթացին մասնակցել, կկարողանա՞ որոշակի ռեսուրս հավաքել իր շուրջ:
- Արդյունքը շատ դժվար է կանխատեսել, բայց ինքն ունի իր ռեսուրսները, ազդեցությունը, ի վերջո, ՀՀ նախագահ է եղել եւ բոլոր դեպքերում կուսակցություններ կան, որոնք հարաբերությունների մեջ են նրա հետ: Ամեն դեպքում, Քոչարյանը փորձառու է եւ եթե նույնիսկ ցանկություն էլ ունենա քաղաքականություն վերադառնալու, իր ուժերը կհաշվի, թե որքանով կարող է հաջողություն ունենալ: Նույն ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ես, որպես ՀՀ քաղաքացի, չէի ուզենա, որ մտներ քաղաքական պայքարի մեջ եւ իր շուրջ ստեղծված պսակը քանդեր ու այսօր գնար, ինչ-որ կուսակցության երկրորդ մարդ դառնար: Նա հեղինակություն ուներ, բայց այն կորցրեց սխալ հաշվելու արդյունքում: Հետեւաբար, կարծում եմ` Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը Քոչարյանը հաշվի կառնի: Կյանքն է ցույց տվել, որ անկախ լավ ու վատից, ընդհանրապես, դժվար է երկրորդ անգամ քաղաքականության մեջ հաջողության հասնել: Եվ անկեղծ ասած, չեմ ուզում, որ մեր երկրի երկրորդ նախագահը, ճիշտ չհաշվարկի ու մտնի քաղաքականություն: Քաղաքականությունը միակ ոլորտն է, որտեղ սխալվելու իրավունք չկա, դրա համար էլ վերջինս հայտ չի ներկայացնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ