ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ
ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, սովորական երեւույթ է, երբ օրենքները առաջին երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունվում են 24 ժամ ընդմիջումներով: Սակայն այս անգամ այդ կարգի դեմ հայտարարություններ արեցին ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ ԱԺ երկու հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահները՝ Վարդան Այվազյանն ու Հակոբ Հակոբյանը: Նախ հարցի քվեարկությունն ընդհատեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` հայտարարելով, որ կառավարության կողմից ներկայացված օրինագծերում կան մի շարք սկզբունքային հարցադրումներ, որոնք դեռ չեն քննարկվել իր ղեկավարած հանձնաժողովում: Այնուհետեւ խոսք վերցրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը նույնպես հայտարարեց, որ իր հանձնաժողովի չի քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը: Իսկ ԱԺ նախագահը այս կապակցությամբ նշեց, որ հաշվի առնելով վերոհիշյալ հայտարարությունները պատգամավորները իրենք պետք է կողմնորոշվեն ինչ ռեժիմով են ցանկանում աշխատել:
Այս պատմությունից այդպես էլ պարզ չդարձավ` կառավարությո՞ւնն էր թերացել նստաշրջանին նախապատրաստվելու համար, թե ԱԺ հանձնաժողովները բաց էին թողել ժամանակը առաջադրված օրինագծերն ուսումնասիրելու համար: Համենայնդեպս, այդ հայտարարությունները միտված էին նրան, որ վերոհիշյալ հանձնաժողովները հանում էին իրենց վրայից պատասխանատվությունը վերոհիշյալ օրենքների համար: Ի դեպ, դրանից հետո երկու հանձնաժողովի նախագահները կողմ քվեարկեցին 24 ժամվա ռեժիմին:
Հարցերը վերաբերում էին Հայաստանի հանքահարստություններին, ավիացիայի եւ աշխատանքային օրենսդրությանը, հարկերին եւ այլն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ