Եթե իշխող [«Արդարություն և զարգացում» կուսակցություն - ՍիվիլՆեթ] և գլխավոր ընդդիմադիր [Ժողովրդահանրապետական - ՍիվիլՆեթ] կուսակցություններին չհաջողվի սահմանադրությամբ նախատեսված ժամկետում նոր կառավարություն ձևավորել, ապա նոր ընտրություններն անխուսափելի են. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Քաղաքական իմ պարտականություններից ելնելով՝ ես նախ կառավարություն ձևավորելու հանձնարարական կտամ ամենաշատ ձայները հավաքած կուսակցությանը, և կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն: Եթե նրան չհաջովի դա անել, ապա կառավարություն ձևավորելու մանդատ կշնորհեմ ձայների թվով երկրորդ կուսակցությանը: Ինչպես գիտեք՝ խոսքը 45-օրյա գործընթացի մասին է»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Բաքվից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նկատել է, որ եթե կուսակցություններից ոչ մեկին չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա նոր ընտրություններն անխուսափելի են:
Թուրքիայի 63-րդ կառավարությունը պետք է ձևավորվի մանդատի շնորհման պահից 45 օրվա ընթացքում, ինչը ստիպում է ընտրություններում ձայների 40,8 տոկոսը հավաքած «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու դրա ղեկավար, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին գործել արագ և բանակցություններ վարել մյուս քաղաքական ուժերի հետ: Նախագահն իրավունք ունի նշանակել նոր ընտրություններ, եթե կուսակցություններին չհաջողվի 45 օրվա ընթացքում կառավարություն կազմել:
Թուրքիայի ղեկավարը տեղեկացրել է, որ մտադիր է նախքան որևէ մեկին մանդատ շնորհելը առանձին հանդիպումներ ունենալ խորհրդարան մտած բոլոր չորս կուսակցությունների առաջնորդների հետ և լսել նրանց կարծիքները գործընթացի մասին:
Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում՝ հավաքելով ձայների 40,8 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ (ԺՀԿ, CHP)՝ ձայների 25,1 տոոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ, MHP)՝ 16,4 տոկոսը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ, HDP)՝ մոտ 13 տոկոսը: