ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ: Հայաստանի օրենսդիրները հարգեցին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք կիսում են վրաց ժողովրդի վիշտը: Հետո Սահակյանը տեղեկացրեց, որ կառավարության առաջարկությամբ է հրավիրվել այս նիստը, եւ իրենք աշխատելու են ծանրաբեռնված ռեժիմով ներկայացված օրենքի նախագծերը քննարկելու համար: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը դժգոհեց՝ հայտարարելով, որ պատգամավորները չեն հասցրել ծանոթանալ նախագծերին եւ հետեւաբար քսանչորսժամյա ռեժիմով քննարկելն անթույլատրելի է: ՀՀԿ-ական պատգամավորի դիրքորոշումը կիսեց նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Բազմաթիվ նախագծեր են բերվել, սա առաջին անգամ չէ, որ նստաշրջանի ավարտին նման կերպ են վարվում, այս պրեսսինգը համարում ենք անթույլատրելի, պետք է պատգամավորները հասցնեն օբյեկտիվ ժամանակահատվածում ծանոթանալ նեիկայացված օրակարգին»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ դժգոհեց՝ ասելով, որ ներկայացված փաստաթղթերը պետք է անցնեն լուրջ քննարկում: Փոստանջյանին մտահոգում էր հատկապես պոչամբարների հետ կապված օրենքի նախագիծը:
Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ դժհոգեց՝ հայտարարելով, որ առաջարկում է քննարկումից հանել «Պետական պարտքի» մասին եւ «Ակցիզային հարկի» մասին օրենքների նախագծերը, քանի որ, ըստ Մինասյանի, դրանք բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության վրա, եւ հետեւաբար պետք է լուրջ քննարկում անցնեն: Դժգոհողների շարքում էր նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ սույն նախագծերը հանձնաժողովի նիստում չեն քննարկվել: Չնայած այս ամենին՝ Գ.Սահակյանն առաջարկեց օրակարգը դնել քվեարկության: Ռուբիկ Հակոբյանը տեղից արձագանքեց: Նրան խոսքի իրավունք տվեցին, եւ Հակոբյանը, դիմելով Սահակյանին, նշեց, թե այստեղ պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնում, իսկ Գ.Սահակյանն ասում է քվեարկություն:
«Ըստ էության, հիմնական փաթեթները տնտեսական հանձնաժողովին են վերաբերում, թե ընդդիմության եւ դիմության պատգամավորները մտահոգություն են հայտնում, դուք ասում եք քվեարկություն, ի՞նչն եք դնում քվեարկության, ծանոթ չենք այս նախագծերին»,- ասաց Ռ.Հակոբյանը:
Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, թե այս կառավարությունն, ըստ էության, շարունակում է նախորդի վատ ավանդույթը: Դժգոհեց նաեւ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Հետո վարման կարգով ձայնի իրավունք ստացավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց հետեւյալը.
«Հունիսի տասներկուսին այստեղ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորվածության թեմայով, եւ մենք այստեղ բոլորս հասկացանք, որ թանկացումը հիմնավորված չէ…»:
Փաշինյանը խոսքն ավարտել չկարողացավ: Գ.Սահակյանը նշեց, թե այդ հարցը նիստի օրակարգում ընդգրկված չէ: Ի պատասխան էլ Ն.Փաշինյանը նշեց, թե հնարավոր է ՀՀԿ-ի օրակարգում չկա, բայց հոսանքի սակագնի բարձրացումը ՀՀ քաղաքացիների օրակարգում է, եւ հետեւաբար խնդրեց Սահակյանին թույլ տալ ավարտել խոսքը: «Անջատեք խոսափողը»,- ի պատասխան ասաց Սահակյանը: Վերջինս նշեց, որ պատգամավորների մտահոգությունների մասին կառավարությանը տեղյակ կպահի, եւ հետեւաբար պետք է շարունակել աշխատանքները:
Փայլակ Ֆահրադյան