ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՆԿԱՐԾ ՑԼԵՐ ՈՒ ԿՈՎԵՐ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՆԴԻՊԵՆ»
Խորհրդարանում քննարկվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրինագիծը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով դրական արտահայտվեց նախագծի մասին, բայց մի նկատառում, այնուամենայնիվ, հնչեցրեց.
«Այդ տարածքում անասնապահությունը չպետք է զարգացնել, որպեսզի զբոսաշրջիկները հանկարծ անասուններ` կովեր ու ցուլեր դուրս չգան, քանի որ այս դեպքում խոսքը էքստրեմալ տուրիզմի մասին չէ»:
Պատգամավորն անկեղծացավ` այդ տարածքով ինքն անցել է եւ նկատել է`որոշ բնակիչներ անասնապահությամբ են զբաղվում:
Ինչ վերաբերում է ներդրողների շահերը ներկայացնող եւ ապագայում ստեղծվելիք խորհրդին, ապա այն, ըստ Մինասյանի, չպետք միջամտի ՏԻՄ մարմինների գործունեությանը:
Հ.Գ. Կովերի ու ցլերի մասին պատմությունները կապվում են նախկին երկու վարչապետերի` Հրանտ Բագրատյանի ու Տիգրան Սարգսյանի հետ: Պրն Մինասյան, կես կատակ, կես լուրջ`չլինի՞ ցանկանում եք կովերի ու ցլերի մասին պատմություններով եւ դեռ վարչապետ չդարձած` զբաղեցնել երրորդ պատվավոր հորիզոնականը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ