ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ. «ՀՀ-Ի ՎՐԱ ԷԼ «ԲԱՆՏԻԿ» ԿԱՊԵՔ, ԱՍԵՔ` ՎԱՃԱՌՎՈՒՄ Է, ՈՒԶՈՂ ԿԱ՞»
Խորհրդարանում այսօր քննարկվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի անդամ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց` ինչո՞ւ է Դիլիջանը որպես կալվածք տրվում Ռուբեն Վարդանյանին: «Տպավորությունն այնպիսինն է, որ ինչպես Սյունիքը տրվեց Սուրեն Խաչատրյանին, այնպես էլ Դիլիջանն էլ տրվում Վարդանյանին: Դուք Դիլիջանում պետական հեղաշրջում եք անում այս նախագծով: Հարկային օրենդդրությունն ընդունելիս ինչո՞ւ ներդրողների կարծիքը հաշվի չէիք առնում»,- վրդովված ասաց Փաշինյանը:
ՀԱԿ պատգամավորն առաջարկեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը գյուղերի ու քաղաքների վրա գնապիտակներ կպցնել: «Վերջում էլ ՀՀ-ի վրա «բանտիկ» կապեք, ասեք` վաճառվում է, ուզող կա՞»,- ասաց
Ի պատասխան Վաչե Տետերյանն ասաց, որ նոր հեծանիվ չենք հայտնաբերում` ներդրումային միջավայր ձեւավորելով եւ խրախուսելով ներդրումները: Եթե հիմա Դիլիջանում նման ծրագիր է իրականացվում, դա չի նշանակում` այլ մարզերում եւս նման ծրագրեր ենք իրականացնելու: «Ավելին` ծրագրերն անձնավորված չեն լինելու»,- պարզաբանեց փոխնախարարը:
Պարզաբանումը չգոհացրեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինս արձագանքեց Տերտերյանին` ասելով, որ խոսքը հարկային արտոնությունների մասին չէ. «Դուք լուրջ դեմքով ասում եք` ստեղծվում է մի խորհրդատվական մարմին, որը զրկելու է մարզպետին ու ավագանուն որոշումներ կայացնելուց: Ասում եք` մարզպետը կարող է մասնակցել այդ որոշումների ընդունմանը, քաղաքապետն էլ կարող է գալ դռան տակ նստել, սպասել: Եթե հարմար կգտնեն, կկանչեն»:
Փաշինյանի խոսքով` ոչ ոք իրավունք չունի երկիրը կտոր-կտոր ծախելու կամ Դիլիջանը դնելու վաճառքի:
Գործադիր մարմնի անդամն ասաց, որ եթե լուրջ դեմքի մասին խոսեն, ապա չի կարծում, որ Փաշինյանը անլուրջ դեմքով է գալիս խորհրդարան: Այլ բան է, որ դահլիճից դուրս անլուրջ դեմքով կարելի է որոշ տրամադրություն արտահայտել:
Ինչ վերաբերում է խորհրդատվական մարմնին որոշում ընդունելու իրավասություն տալում, ՏԿԱԻՆ փոխնախարարը հերքեց դա: Խորհրդատվական մարմինը քաղաքապետի կամ ավագանու փոխարեն չի որոշելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ