Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որը վարել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: ՀՀԿ նիստը սովորականից երկար է տեւել: Շուրջ երեք ժամ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ քննարկել է ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ՝ էներգետիկ անվտանգության հարցերը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Էներգետիկ անվտանգության խնդիրը բավականաչափ կարեւոր է ՀՀ իշխանությունների համար, եւ խնդիրը ոչ թե վեց-յոթ դրամի հարցն է, այլ, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ էներգետիկ անվտանգությունն ավելի ապահով լինի: Ոչ մեկս չենք ցանկանում, որ լինի թանկացում. սկսած ինձանից՝ մինչեւ հանրապետության նախագահը ցանկություն չունի թանկացման, խնդիրն ավելի գլոբալ է»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովն ասաց նաեւ, որ չարաշահումների եւ ճոխությունների գումարը ներառված չէ սակագնի բարձրացման հայտում:
Հարցին, թե կասեցվելո՞ւ է արդյոք սակագինը, նա պատասխանեց.
«Դա օդից չի եկել, դա բոլոր մասնագետների ուսումնասիրությունն է, եւ նորից ուզում եմ ասել, որ որեւէ չարաշահում այնտեղ չի ներառվել: ՀՀ նախագահն արդեն իսկ առաջարկել է ռուս գործընկերներին աուդիտ առաջարկել եւ եթե առաջարկել է, ապա կա դրա անհրաժեշտությունը»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով այդ աուդիտը պետք է անցկացվի բաց եւ հրապարակային: Դիտարկմանը, թե մինչեւ աուդիտի անցկացման ավարտը կասեցվելո՞ւ է սակագինը, Շարմազանովն ասաց, թե ինքը չէ այն պաշտոնյան որ այդ հարցին պատասխանի, բայց ամեն ինչ իր հերթին:
Շարմազանովը հայտարարեց, թե դրական է գնահատում ոստիկանության գործողությունները, եւ որ նրանք բարյացակամ են տրամադրված խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ապա հավելեց, որ Բաղրամյան պողոտայի քաղաքացիների պայքարը քաղաքական չէ, այլ սոցիալական եւ քաղաքացիական.
«Քաղաքական պրոցես չեմ տեսնում, քաղաքական պահանջներ չկան»:
ՀՀԿ մամլո խոսնակն ասաց, որ Ս. Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունները:
ԳԱԼԱ-ի հարցին, թե Սերժ Սարգսյանն անդրադարձա՞վ արդյոք այն փաստին, որ հունիսի քսաներեքին ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց նստացույցի մասնակիցների եւ լրագրողների նկատմամբ, Շարմազանովն այդպես էլ հարցին չպատասխանեց, միայն հայտարարեց, թե ոստիկանությունն ինքն է հայտարարել, որ գործողություններն ուսումնասիրվելու են, եւ ընթանում է քննություն:
Մեր հաջորդ հարցին, թե էներգետիկ համակարգում խնդիրները նոր չեն, եւ եթե իշխանությունները մինչեւ հիմա լուծում չեն տվել, նշանակո՞ւմ է արդյոք, որ իրենց տեղում չեն, այս անգամ էլ Շարմազանովը հիշեց, որ ինքը համապատասխան մասնագետը չէ եւ չի կարող հարցին մասնագիտական պատասխան տալ:
Փայլակ Ֆահրադյան