«Նախ պետք է նշեմ, որ միշտ ասվել է, որ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կլինեն մեծամասնության հետ, կլինեն ժողովրդի հետ: Ժողովուրդն ակնհայտորեն իր կամքն արտահայտեց առ այն, որ ցանկանում է մնալ Բաղրամյան պողոտայում: Սա փաստ է: Թե ինչու քաղաքացիական նախաձեռնության (նկատի ունի «Ոչ թալանին». Փայլակ Ֆահրադյան) որոշ անդամներ գնացին, սա բարդ հարց է, կարծում եմ եղել են որոշակի ճնշումներ իշխանության թիմի կողմից, եւ նաեւ հնարավոր է, որ մարդիկ վախեցել են պատասխանատվություն վերցնել»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում զարգացած իրադարձություններին՝ կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Նրա խոսքով, սակայն ակնհայտ է, որ եթե մեծամասնությունը մնում է մի տեղ, եւ եթե ժողովուրդը կայացրել է իր որոշումն, ապա տրամաբանական է, որ ակտիվիստները պետք է լինեն ժողովրդի հետ:
Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվելու, շատերը համարեցին հաղթանակ, մյուսները կարծիք հայտնեցին, որ սա պարզապես ժամանակ շահելու եւ պառակտում մտցնելու նպատակ ուներ, ո՞րն է ճիշտը, Էդգար Վարդանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Պառակտում տեղի չունեցավ, եւ դա մեծ ձեռքբերում է: Ցուցարարների, կարելի է ասել, ամենալուրջ ձեռքբերումն է, թեեւ ամեն ինչ արվեց, որ պառակտում լինի, բայց մեծամասնությունը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում»:
Ըստ Էդգար Վարդանյանի՝ Սերժ Սարգսյանի որոշումն իհարկե միտված էր նրան, որ ցուցարարների մեջ լինի անհամաձայնություն եւ հնարավորինս շատ մարդիկ հավանություն տան այդ որոշմանը:
«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքական վերլուծաբանը խոսել է նաեւ ոստիկանների գործողությունների փոփոխությունից, մասնավորապես, թե ինչու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո, թե ընդամենը 30 րոպե հետո հատուկ միջոցներ կձեռնարկվեն, ցուցարարները շարունակեցին մնալ Բաղրամյան պողոտայում: Ընդհանուր առմամբ ի՞նչ արձանագրեց ՀՀ քաղաքացին, եւ ո՞րն է «նոր» Բաղրամյանի հանգրվանը:
Դիտեք հաղորդումն ամբողջությամբ: